Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՆՐԱ ԽԱՂԱՑԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐՆ ՈՒՆԵԻՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ և ՃԱԿԱՏԱԳԻՐ

ՆՐԱ ԽԱՂԱՑԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐՆ ՈՒՆԵԻՆ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ և ՃԱԿԱՏԱԳԻՐ
15.07.2011 | 00:00

Անցյալ դարի 70-80-ականներին Դրամատիկական թատրոնի նախ պատկերազարդ ազդագրերից, իսկ հետո արդեն բեմից իր հարազատ Երևան քաղաքի հանդիսատեսին էր ներկայանում հմայիչ կերպարանքով` թխահեր, խոշորաչք, մետաղյա զրնգուն ձայնով, դերասանական նախանձելի օրգանականությամբ ու պլաստիկայով օժտված, այդ շրջանի հայ բեմի ամենավառ ու աչքի ընկնող երիտասարդ դերասանուհիներից ՏԱԹԵՎԻԿ ՂԱՓԼԱՆՅԱՆԸ` Հրաչյա Ղափլանյան և Էմմա Վարդանյան նշանավոր արվեստագետների դուստրը։ Դերասանուհի, ում խաղը զարմանալի ժամանակակից էր` իր հոր հիմնած Դրամատիկական թատրոնի ոգուն համահունչ, ում խաղը հուզախռով էր կամ էլ ոճավորված կատակերգական, թավշյա կամ թանձր, սակայն միշտ թեթև` վարպետության դրսևորման առումով։ Ցածրահասակ լինելը կամ ձայնի մետաղը դերասանուհուն չէին խանգարում կերպավորել դասական թատերագրության ազնվազարմ վարքակենցաղով կամ էլ հասարակ ծագումով ուժեղ անհատականություն հերոսուհիների` Օֆելյա (Շեքսպիր, «Համլետ»), Մարգարիտ կրտսեր (Շեքսպիր, «Սպիտակ և կարմիր վարդերի պատերազմը»), Ռամունե (Յ. Մացկյավիչուս, «Մինդաուգաս»), Ժաննա դը Արկ (Ժ. Անույ, «Արտույտը»)։ Բեմական իր «թերությունները» դերասանուհին առավելություն էր դարձնում` արտիստական հմայքի իր զենքը, և վերը հիշատակած «կոստյումային դերերն» իր նյութից էր ձևում` առանց ինքն իրեն կրկնելու։ Տաթևիկի տարերքը, սակայն, ժամանակակից դերերն էին, իր հասակակիցների կերպավորումները։ Նրա հերոսուհիները սիրում, նվիրվում և ապրում էին շիտակ, անմնացորդ, զգացմունքների սահմանագծին` յուրաքանչյուր անգամ նույնանալով դերասանուհու պոռթկուն խառնվածքի և խորունկ էության հետ։ Լինելով հուզական և համոզիչ, ըմբոստ և փխրուն դրամատիկական դերերում` Միրա (Բ. Վասիլև, «Անունը ցուցակներում չէր էլ նշված»), Կատյա Բատիստովա (Գ. Պոլոնսկի, «Ռեպետիտոր»), Մարի (Վ. Պետրոսյան, «Վերջին ուսուցիչը»), Վալենտինա (Ա. Արբուզով, «Իրկուտսկյան պատմություն»), նա նույնքան հետաքրքիր էր կատակերգական խաղացանկում` Թագուհի (Ե. Օտյան, «Սեր և ծիծաղ»), Քերոլայն (Պ. Շաֆֆեր, «Մթին պատմություն»), Երանյակ (Հ. Պարոնյան, «Ատամնաբույժն արևելյան»)։ Եթե դրամա խաղալիս նրա դերասանական բնությունը ժայթքում էր բնական, առօրյա կերպավորմամբ, ապա կատակերգություններում Տաթևիկի խաղը թատերային հրավառություն էր` գրոտեսկով, հումորով, ռիթմիկ կազմակերպված պլաստիկական գծագրով։ Ավարտուն և ցայտուն էր նրա խաղացած յուրաքանչյուր կերպարը։ Անկախ ռեժիսորների մեկնաբանությունից` Տաթևիկը միշտ բերում էր իրենը` ուրույնը։ Նրա կատարման մեջ հույզերն ու խոհերը միաձույլ էին դրսևորվում` պայմանավորելով տաղանդավոր դերասանուհու տեսակը։
Տաթևիկի առաջին դերակատարումը Ա. Մակայոնոկի «Հալածված առաքյալում» քույրիկի կերպարն էր. դեռատի դերասանուհին խաղում էր դեռատի աղջկա դեր, խաղում էր վարակիչ անմիջականությամբ, շարմով, հումորով` նվաճելով մշտաներկա ու հավատարիմ իր հանդիսատեսին։ Ցավոք, Տաթևիկի մեր տեսած վերջին դերը իր հարազատ Երևան քաղաքում հյուրախաղային էր. դերասանուհին եկել էր Լոս Անջելեսից` անձնական մեծ կորուստ ապրած։ Քսան տարվա ընդմիջումից ու սպասումից հետո անդավաճան հանդիսատեսը նույն նվիրումով դարձյալ նրա հետ էր։ Ով կմտածեր, որ ներկայացումը Տաթևիկի հրաժեշտն էր իր հանդիսատեսին. երկու տարի անց դերասանական բուռն կյանքն ընդհատվեց։ Իրեն հարազատ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից հեռու` Լոս Անջելես քաղաքում, Տաթևիկ Ղափլանյանը կնքեց իր մահկանացուն անսպասելի ու վաղաժամ։
Նվիրում, պայքար, ծիծաղ և արցունք, հետո հավերժություն ու նոր սկիզբ։ Թատրոնի անիվը պտտվում է նվիրյալների շնորհիվ։ Իսկ նրանց մասին մնում է առեղծվածը, ինչը թե գրվածը, թե նույնիսկ տեսագրվածը ի զորու չեն բացատրելու։
Ինչ էլ խաղար Տաթևիկը, առանց դիմադրությունների, ասես հեշտությամբ, առանց ջանք թափելու, ամեն ինչ ենթագիտակցաբար և իմպուլսիվ էր ընթանում։ Սակայն Տաթևիկի թվացյալ իմպուլսիվ խաղը միշտ կազմակերպված էր, հավաք ու կոկիկ։ Նրա խաղացած կերպարներն իր պես պայծառ ու լուսավոր էին, լիքը, բովանդակալի, ունեին կենսագրություն և ճակատագիր...

Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ